«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Հայ եկեղեցու պատմությունը սիրում են բոլոր աշակերտները, դա ամենահետաքրքիր առարկաներից մեկն է երեխաների համար»

«Հայ եկեղեցու պատմությունը սիրում են բոլոր աշակերտները, դա ամենահետաքրքիր առարկաներից մեկն է երեխաների համար»
05.02.2019 | 01:41

ՀՀ-ի և Հայաստանյայց առաքելական եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու, դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դերի մասին զրուցում ենք «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ։

-Որքանո՞վ էր անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ ձևավորելը։
-Անհրաժեշտությունն առաջացել է ժամանակին համընթաց, և դրա շուրջ ես միայն իմ կարծիքը կարող եմ ասել. դրական վերաբերմունք ունեմ այդ խմբի ձևավորման որոշման հանդեպ, որն ուղղակիորեն նաև ընդգծում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու նշանակությունը հայ ազգի և հայոց պետականության համար:
-Կա՞ն իրավական բացեր օրենսդրության մեջ, որոնք պետք է լրացնի աշխատանքային խումբը։
-Ելնելով նախորդ տարիների ընթացքում առաջացած հարցերից, խնդիրներից, ինչպես նաև վերջին շրջանում ծավալված քննարկումներից՝ իհարկե, կարծում եմ, կլինի հարցերի մի շրջանակ, որը նաև օրենսդրական լուծումներ է պահանջում: Ամեն դեպքում, աշխատանքային խումբ ձևավորելը ենթադրում է առողջ հարթակ սահմանադրական և օրենսդրական դաշտում հարցերի քննարկման համար:
-Անհանգստացնող չե՞ն վերջին շրջանում իշխանության առանձին ներկայացուցիչների և Առաքելական եկեղեցու սպասավորների միջև ոչ հարթ հարաբերությունները։ Խոսքը, մասնավորապես, ԿԳ նախարարի մասին է, որն ավելի վաղ հայտարարել էր, թե «Հայ եկեղեցու պատմություն» առարկան լուրջ վերանայման կարիք ունի, իսկ օրերս էլ տեղի ունեցավ հայտնի միջադեպը հոգևորականների ու նախարարի միջև։
-Որոշ դեպքերում անհանգստացնող են, բայց փորձը ցույց է տալիս, որ հարթվել են անցյալի այդ դեպքերը, քանի որ գործ ունենք ոչ թե համակարգային վերաբերմունքի հետ, այլ անհատ-անհատ հարցերի քննարկման, որոնք երկկողմանի չհասկացվածության հետևանք էին: Այդ պատճառով, կարծում եմ, աշխատանքային խմբի առաքելություններից մեկը պետք է լինի նաև քննարկվելիք հարցերի հանրային ճիշտ լուսաբանումը: Ոչ մեկիս համար այս պահին գաղտնիք չէ, որ Հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցերը շատ անգամ նաև շահարկման առիթ են դառնում քաղաքական տարբեր ուժերի կողմից, ինչի արդյունքում կարող են մեդիա-շահարկման զոհ դառնալ նաև քաղաքականությունից հեռու, ազնիվ, ազգային և հոգևոր մղումներ ունեցող մարդիկ: Մյուս կողմից էլ, Հայ առաքելական եկեղեցու՝ ազգային ավանդույթները կրող, կրթող և ներկայացնող կառույցի հետ կապված հարցերը կարող են անհանգստացնել նաև ոչ քրիստոնյա անհատներին կամ խմբերին, և նրանք էլ, իրենց հերթին ակտիվ քարոզչություն իրականացնելով, կարող են ստեղծել որոշակի փոթորկային իրավիճակ: Իսկ եթե դրան էլ գումարենք այլ կրոնական կազմակերպությունների ակտիվ ներդրումը և գործիքակազմը՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու և նրա սպասավորների դեմ, կստանանք ներկայիս իրավիճակի ոչ ամբողջական պատկերը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, մինչև հանձնաժողովում քննարկման հարթակի մակարդակով հարցերի լուծումը նաև պետական աշխատողների, հանրային անձանց կողմից նախընտրելի կլիներ մեդիա-քարոզչության շրջանակներում տեղավորվող բացասական արտահայտություններից հնարավորինս խուսափումը. քանի որ դրանք նույնպես կարող են օգտագործվել կրքեր հրահրելու նպատակով: Այս դեպքում հասարակական էթիկան, հանրային խոսքի մշակույթը, անգամ խոսքի տոնայնության փոխադարձ հարգանքը հնարավորինս պետք է պահպանվեն: Ողջունելի կլիներ նաև պետական կառավարման մարմինների կողմից գոնե գիտելիքի մակարդակով Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմությանն ու դավանաբանության հիմնահարցերին տեղյակ լինելը՝ անգամ այն դեպքում, երբ տվյալ պաշտոնյան հավատացյալ չէ կամ ծագումով հայ չէ, քանի որ ազգի պատմությունն ուղղակիորեն առնչվում է Հայ եկեղեցու պատմությանը, ընդ որում, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս:
-Որքանո՞վ է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան անհրաժեշտ դպրոցներում։ Ի՞նչ դեր է այն կատարում պատանիների դաստիարակության հարցում։
-Անկեղծ ասած, ինձ միշտ անհանգստացնում է, թե ինչու է հենց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դարձել թիրախային կետ: Որևէ առարկա ներմուծելու անհրաժշետությունը հասկանալու համար պետք է անցկացնել մոնիտորինգ: Դպրոցական ծրագրում կան այլ առարկաներ, որոնց առկայությունը ուսումնական ծրագրում անհասկանալի է թե՛ ծնողներին, թե՛ աշակերտներին, օրինակ, «Շրջակա միջավայրը», որից բազմիցս դժգոհություններ եմ լսել և՛ աշակերտներից և՛ ուսուցիչներից (անձնական կարծիք է): Որոշակի ուսումնասիրությունների արդյունքում կարող եմ ասել, որ ի սկզբանէ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի թիրախավորման հեղինակները այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներն են եղել. կարող եմ նշել այն կարևոր կետերը, որոնք անհրաժեշտ են դարձնում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը.
ա) այն անցյալի միջոցով կերտում է հայի ինքնությունը և հաղթանակած տեսակը, քանի որ, ի տարբերություն մեր պետության տարբեր շրջանակների, Հայ եկեղեցին միշտ կանգուն է եղել և կարողացել է կանգուն պահել հային որպես ազգ և որպես պետություն,
բ) այն համապարփակ ձևով փոխանցում է հայ ազգային ավանդույթները, արժեքները, ժողովրդական սովորույթները,
գ) հայոց մեծերի և հոգևոր այրերի սխրանքների միջոցով դաստիարակում է հայ լինելու տեսակը, «լավն» ու «վատը», ազգային մտածողությունը:
Թվարկեցի ընդամենը մի քանի կետ, հավելեմ նաև, որ «Հայոց պատմությունն» ուղղակի անհնար է առանց «Հայ եկեղեցու պատմության», ավելին, առանց «Հայ եկեղեցու պատմության» չկա «Հայոց պատմություն»: Եվ ամենակարևոր չափանիշը, իմ կարծիքով, այն է, որ «Հայ եկեղեցու պատմությունը» սիրում են բոլոր աշակերտները, դա ամենահետաքրքիր առարկաներից մեկն է երեխաների համար, ինչու՞ մի քանի տասնյակ պարտադիր առարկաների մեջ չլինի մի առարկա, որը սիրելի է բոլորի, անգամ այլ կրոնական դավանանք ունեցող երեխաների համար:

Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 36810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ